BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Անկարան նախկին «կոշտ ձեռքերի» մարտավարությունից անցել է «թավշյա ձեռնոցների» տակտիկային»

«Անկարան նախկին «կոշտ ձեռքերի» մարտավարությունից անցել է  «թավշյա ձեռնոցների» տակտիկային»
23.09.2014 | 00:16

«ՄԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ ՖԻԼՄԸ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ԱՎԵԼԻՆ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ, ՔԱՆ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍ»


Ի՞նչ ընթացք կամ հանգուցալուծում է ունենալու Ցեղասպանության հիմնախնդիրը 2015 թվականին: Ի՞նչ նկատելի փոփոխություններ կան Թուրքիայի քաղաքականության մեջ: Ինչո՞ւ ենք այդքան կարևորում արվեստի, գրականության, կինոյի միջոցով Հայկական հարցի պրոպագանդումը, եթե խնդիրը լուծվում է քաղաքական հարթությունում: Այս և այլ հարցերի մասին է մեր զրույցը թուրքագետ, Ermenihaber.am կայքի գլխավոր խմբագիր ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:


-Հրեաները Հոլոքոսթին նվիրված բազմաթիվ ֆիլմեր են նկարահանել, այդ թվում` օսկարակիր, մեծահամբավ ֆիլմեր (Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը», Ռոբերտո Բենինիի «Կյանքը հրաշալի է»): Մեզ մոտ, անգամ Ցեղասպանության հարյուրամյակի շեմին, աշխարհին հուզող ֆիլմ ունենալու հույս չկա: Թե ինչու, այլ հարց է: Բայց ինչո՞ւ ենք այդքան կարևորում հատկապես կինոյի միջոցով Հայկական հարցի պրոպագանդումը, եթե խնդիրը լուծվում է քաղաքական հարթությունում:
-Խնդիրը լուծվում է քաղաքական հարթությունում, բայց լուծումը հասունանում է նաև այլ հարթություններում: Որքան էլ շահադիտական հիմքեր ունենա այս կամ այն քաղաքական որոշումը, վերջին հաշվով, անգամ շահի գիտակցումը որոշակիորեն ձևավորվում է հենց մշակույթի, արվեստի ու գրականության ստեղծած աշխարհընկալումից։ Օրինակ` հրեաները հասան նրան, որ «ֆաշիստ» բառը մշակութաբանական իմաստ ձեռք բերեց, իհարկե, բացասական նշանակությամբ: Սա արդյունք է հետևողական քարոզչության, որտեղ ահռելի դեր է ունեցել նաև կինոարվեստը: Միջազգային հանրությանը ցնցող և պատմական փաստի մասին իրազեկող մի գլուխգործոց ֆիլմը, ըստ էության, կարող է ավելին անել, քան մի ամբողջ դիվանագիտական կորպուս: Միլիոնավորների աչքերին ու ականջներին հայոց ողբերգությունը և հատուցման արդար պահանջը հասանելի դարձնելն ավելի հեռանկարային է, քան «կլոր-սեղաններ», ֆորումներ և այլ միջոցառումներ անցկացնելը, որոնց մասին լուրերը դարձել են սովորական ընթերցել-անցնելու նյութեր: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում կարևոր են կինոքարոզչությունը և օտարալեզու գրահրատարակչությունը: Ռեսուրսների մեծ մասը կարելի է և պետք նպատակաուղղել այդ գործիքների կիրառմանը: Միայն այլ երկրների խորհրդարաններում բանաձևեր ընդունել տալու վրա կենտրոնանալը բավարար չէ: Դա շատ աղքատիկ գործելակերպ ու գործիքակազմ է ցեղասպանության պես բարդ ու շերտավոր հիմնախնդրի լուծման համար:

«ՀՆԱՐԱՎՈՐ Է ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ` ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 100-ԱՄՅԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԶՈՐ ԱՐՇԱՎԸ»


-Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ի՞նչ նկատելի փոխոխություններ կան Թուրքիայի քաղաքականության մեջ:
-Նախ` փոխվել են Թուրքիայի ժխտողական քաղաքականության որակն ու մակարդակը: Անկարան նախկին «կոշտ ձեռքերի» մարտավարությունից անցել է «թավշյա ձեռնոցների» տակտիկային: Եթե առաջ հիմնականում հայտարարում էին, թե Հայոց ցեղասպանությունը «իմպերիալիստական սուտ է», ապա հիմա ընդունում են 1915-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերի իսկությունը, նույնիսկ պաշտոնապես` վարչապետի մակարդակով ցավակցություն հայտնում: Ամենից վտանգավորն այն է, որ զոհին ու ոճրագործին նույն հարթության մեջ դնելու փորձ է արվում: Էրդողանն իր ցավակցական ուղերձում վշտակցում էր ոչ միայն օսմանցի հայերին ու նրանց ժառանգներին, այլև Առաջին համաշխարհայինի զրկանքները կրած թուրքերին և օսմանահպատակ այլ ժողովուրդների զավակներին: Իսկ մեծ հաշվով ոչինչ չի փոխվել. ժխտելով ցեղասպանությունը` Թուրքիան երկրորդ անգամ է սպանում 1,5 մլն հայերի:
-Ի՞նչ գիտենք Թուրքիայի հակահայկական ծրագրերի մասին, գուցե 2015-ին անակնկալ սադրանքներ մատուցվեն, որոնց ինչպես հարկն է դիմագրավելուն պատրաստ չենք:
-ՈՒնենք Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով, որի առջև խնդիր է դրված` լինել նախահարձակ, այլ ոչ թե արձագանքել թուրքական գործողություններին: Պետք է ստիպել, որ թուրքերն իրենք հարկադրված լինեն արձագանքելու հայության գործողություններին: Թուրքիայի նախագահը դեսպաններին հատուկ հրահանգել է 2014-2015-ին իրենց պաշտոնավարած երկրներում «Թուրքիայի բարի համբավը վերականգնելուն միտված» լայն աշխատանքներ տանել։ Սա ռազմական տերմինաբանությամբ նշանակում է տագնապ հայտարարել և խստացված ռեժիմով աշխատել: Բացի այդ, հավաքագրվում են թուրքական սփյուռքի ազդեցիկ դեմքերը և իրենց ռեսուրսներով ներգրավվում 2015-ին նախատեսված գործողությունների մեջ, որոնք բնականաբար հակահայ բնույթի են լինելու: Անկարան օգտագործում է նաև կինոքարոզչությունը և պետության պատվերով նկարահանում է 1915-ի վերաբերյալ ֆիլմ, որը պիտի էկրանավորի պետական ժխտողական թեզը: Թուրքիան ծրագրում է քաղաքացիություն շնորհել օսմանցի հայերի ժառանգներին ու դրանով ևս որոշ չափով դիմագրավել 100-ամյակի ճնշմանը: Թուրքական մամուլում նաև տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ 100-ամյակին ընդառաջ հնարավոր է Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը` կասեցնելու համար 100-ամյակի միջազգային հզոր արշավը:
-ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 2011-ի դեկտեմբերի 13-ին ընդունել է 306 բանաձևը, ըստ որի, Թուրքիան պետք է իրավական տերերին վերադարձնի իր տարածքում գտնվող հայկական, հունական, ասորական հուշարձաններն ու եկեղեցիները: Ինչո՞ւ են նման վճիռները մնում թղթի վրա: Դրանք ձևակա՞ն բնույթ ունեն, թե՞ մենք հետևողական չենք:
-Անկեղծ ասած` մեր վերքերի վրա ամենացինիկ խաղը և ամենահաշվենկատ առևտուրը անում է ԱՄՆ-ը: Քանիցս բանաձևեր են ընդունվել Ներկայացուցիչների պալատում, այդ պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, բայց ամեն անգամ հասցնում են հուսախաբության: Էլ չեմ ասում` նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուների նախընտրական խոստումներն ու հետագա դրժումները: Ամեն տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահի ուղերձում բացակայող «ցեղասպանություն» բառն ապացուցում է, որ այդ բանաձևերը թղթի կտոր են զուտ և ոչ թե թիրախային գործողության դետալ: Չունեմ սպասելիք, չունեմ հույս ու երաշխիք, որ ԱՄՆ-ը հետամուտ է հայոց արդար դատին ու պահանջատիրությանը:

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ ԳԼԽԱՎՈՐ ԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆՐԱՆՑ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՉՏԱՐԱԾԵԼԸ


-Հայկական եկեղեցիները վերանորոգվում և գործածվում են որպես մշակութային օջախներ, թանգարաններ և այլն: 2015-ին ընդառաջ հաճախակիացե՞լ են նման գործընթացները:
-Չեն հաճախակիացել, շարունակվում են նախկինի պես: Օգոստոսի սկզբին, օրինակ, վերջապես ավարտին հասցվեցին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու և շրջակայքի բարեկարգման աշխատանքները, որոնք մեկնարկել էին դեռևս 2012-ին: Մասնավորապես նորոգվել և բարեկարգվել են այցելուների դիմավորման վայրը, տոմսարկղը, ճանապարհները, նորացվել է անվտանգության համակարգը: Հայկական կիսավեր եկեղեցիներն ու վանական համալիրները Թուրքիայում օգտագործվում են ամենատարբեր նշանակություններով` է՛լ ախոռ, է՛լ պահեստ, է՛լ մշակութային ակումբ, է՛լ մարզադահլիճ, է՛լ աղբանոց, նույնիսկ որպես շինանյութի աղբյուր. 1950-ականներին կառուցված Մուշ քաղաքի արդարադատության շենքի շինարարության ժամանակ օգտագործվել են Սուլուջա գյուղի հայկական Սբ. Մարիամ վանքի քարերը: Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցին վերածվել է մզկիթի, Չանաքքալեի հայկական եկեղեցին օգտագործվում է որպես համալսարանի մասնաշենք, Դիարբեքիրի նահանգի Սուր բնակավայրի 142-ամյա հայկական բողոքական եկեղեցին վերածվել է թուրք կանանց համար կրթական կենտրոնի: Ցավոք, այս շարքը կարելի է երկար թվարկել:
-Թուրքիայում, Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի նախաձեռնությամբ, առաջին անգամ քաղաքապետարանի վրա հայերեն ցուցանակ են փակցրել. սա ցուցադրական քայլ չէ՞:
-Հայալեզու ցուցանակների տեղադրումը պայմանավորում եմ հայամետ տրամադրությունների առկայությամբ, այստեղ նկատվում է հայերի հանդեպ բարեհաճ վերաբերմունք: Գլխավորապես քրդերով բնակեցված Դիարբեքիր նահանգում բազմաթիվ են նաև քրդական կամ թուրքական ինքնությամբ հանդես եկող հայերը: Հետևաբար այստեղ ոչ այնքան ցուցամոլության դրսևորում է, որքան հայերի հանդեպ համակրանքի արտահայտություն և «տուրիստական» անհրաժեշտություն:
-Մենք խնամքով, երբեմն էլ «անխնա» ներկայացնում ենք թուրքական լրահոսը: Ի՞նչ բացթողումներ ունենք այս դաշտում:
-Թուրքական լրահոսը ներկայացնելիս գլխավոր զգուշավորությունը պետք է լինի նրանց ապատեղեկատվությունը չտարածելը և ակամա հարթակ չդառնալը պրոպագանդիստական նյութերի համար: Դրանից զերծ մնալու տարբերակները շատ են, և թուրքական լրահոսով զբաղվող հայկական լրատվամիջոցներն իրենք են որոշում ինչ ռազմավարությամբ աշխատել: Ամեն դեպքում, այս հարցը մեզանում դեռ կաղում է, լրատվամիջոցների միջև չկա փոխհամաձայնեցված միասնական ռազմավարություն: Կարծում եմ` պետությունը պետք է հորդոր-ուղեցույցի կարգով մեկ միասնական հունի մեջ դնի Թուրքիայի վերաբերյալ լրատվություն ապահովող հայրենի լրատվամիջոցները:
-Նկատել եմ, որ ձեր կայքում Թուրքիային վերաբերող լրահոսը ներկայացնելիս զերծ եք մնում էմոցիոնալ բնորոշումներից ու վերլուծություններից:
-Այո, զգայական և հուզական էլեմենտներից փորձում ենք զերծ պահել մեր լրատվությունը: Ներթուրքական իրականությունը հայկական լսարանին մատուցում ենք հնարավորինս առանց գնահատականների` բացառությամբ որոշ դեպքերի, երբ վերնագրի կամ ենթատեքստի միջոցով կոնկրետ ուղերձ ենք հղում ընթերցողին: Մեր ուշադրության կենտրոնում են թուրքական և՛ ընդդիմադիր, և՛ իշխանամետ լրատվամիջոցները, խտրական վերաբերմունք չենք ցուցաբերում` լրատվանյութ դարձնելով միայն Թուրքիային վարկաբեկող լուրերը: Մեր գործը ատելություն սերմանելը չէ, այլ եթե խնդիր կա, տագնապ հնչեցնելը և մեր հարևան երկրի իրադարձությունները հնարավորինս բազմակողմանի լուսաբանելը: Արդեն կան թուրքական և տարածաշրջանային կայքեր, որոնք հղում են անում ermenihaber-ին:

«ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՄԵԾ ՈՃՐԻ ԵՎ ՄԵԾ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՐ ԵՐԿԻՐ»


-Երբ թուրք գրողները (նաև ադրբեջանցի) հայկական թեմայով որևէ գործ են հանձնում հանրության դատին, հայերս մեծ ոգևորությամբ ենք արձագանքում: Հասկանալի է, եթե Ցեղասպանությանը իրենք` թուրքերն են արձագանքում, դա, մի տեսակ, խոստովանանքի պես է, բայց չէ՞ որ թուրք գրողը դա անում է իր ազգի համար, և մեղանչումի հիմքում ամենևին էլ հատուցումը չէ:
-Մենք մեծ ոգևորությամբ ենք արձագանքում, քանի որ կարոտ ենք որևէ կարեկից վերաբերմունքի, արդար խոստովանության, հոգեբանական, մարդասիրական աջակցության: Մենք տասնամյակներ շարունակ մեր ազգային վշտի հետ միայնակ ենք մնացել, հետևաբար, երբ հակառակորդի ճամբարից լինում են մարդիկ, ովքեր չեն խրամատավորվում մեր դեմ, ցավում են մեր ապրած ողբերգությունների համար, բնական է, որ դա հուզում է մեզ: Ի վերջո, պետության կամ հասարակության դրած «փշալարը կտրելը», բոլորին հակառակվելը, «սպիտակ ագռավ» լինելն արդեն իսկ սխրագործ ազնվություն են: Իհարկե, խոսքը շահ հետապնդող խոստովանությունների կամ ցավակցությունների մասին չէ:
-Ասում են, որ Թուրքիան դույզն-ինչ չի հեռացել պանթուրքիստական, հայաջինջ քաղաքականությունից: Հակառակ կարծիքն էլ կա ժամանակակից Թուրքիայի մասին: ՈՒնե՞նք հիմքեր ենթադրելու, որ Թուրքիան փոխվել է այսօր:
-Ո՛չ, բացարձակապես չունենք նման հիմքեր: Թուրքիան շարունակում է մնալ մեծ ոճրի ու մեծ հավակնությունների տեր երկիր: Աշխարհի 16-րդ խոշորագույն տնտեսությունը և թվաքանակով 6-րդ բանակն ունեցող Թուրքիային այլևս չի բավարարում ազդեցիկության իր ներկա կարգավիճակը, և հավակնությունները մեծացնելու նշաններ է ցույց տալիս: Սառը պատերազմից հետո նա փորձեց դիրքեր զբաղեցնել որպես տարածաշրջանային տերություն, վերջին շրջանում էլ ջանում է մուսուլմանական աշխարհի համար դառնալ իսլամի ու ժողովրդավարության համակեցության մոդել երկիր, որը ժողովրդավարություն «կարտահանի» հարևան երկրներ: Ներկայումս ապագային միտված Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմքում և օրակարգում ուրվագծվում են մի շարք գաղափարախոսություններից ներմուծված տարրեր: Դրանք են` նեոօսմանիզմ, նեոպանթյուրքիզմ և թուրքական եվրասիականություն: Սրանցից առայժմ միայն նեոօսմանիզմն է, որ ներքին և արտաքին քաղաքական ռազմավարության առանցքն է կազմում: Այս կոնցեպցիայի գլխավոր ճարտարապետը Դավութօղլուն է: Նա բացեիբաց հայտարարել է. «Մեզ անվանում են «նեոօսմաննե՞ր»։ Այո՛, մենք «նեոօսմաններ» ենք։ Հարկադրված ենք զբաղվել հարևան երկրներով և գնում ենք նույնիսկ Աֆրիկա: Մեծ տերությունները շփոթված հետևում են դրան»: Նեոօսմանիզմի հիմնական դրույթները պահանջում են, որ Թուրքիան ունենա քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, մշակութային և հոգևոր խոշոր դերակատարում Օսմանյան կայսրության նախկին մի շարք տարածաշրջաններում:
-Թուրքիայի բնակչության քանի՞ տոկոսն է ընդունում եղեռնը և դեմ գնում պետության պաշտոնական տեսակետին:
-Հանրային տրամադրությունները թվային վիճակագրություն չունեն, բայց վստահ կարելի է ասել, որ ճնշող մեծամասնությունը չի ընդունում ցեղասպանության փաստը, որովհետև դպրոցում ու հետագա կրթօջախներում նրանց միայն հրամցվում է պաշտոնական պատմագրությունը: Բայց և այնպես, աստիճանաբար աճում է պատմական ճշմարտությամբ անկեղծորեն հետաքրքրվողների թիվը, ովքեր փորձում են այլ աղբյուրներ ուսումնասիրել և վեր հանել ճշմարտությունը: Այդ գործընթացի համար մեծ խթան է այլախոհ մտավորականների փոքրաթիվ խումբը, որն իր բողոքի ձայնն է բարձրացնում նախորդ դարակսզբին հայերին ցեղասպանության ենթարկելու փաստի դեմ:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ